«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Արտակ ՀԵՐԻՔՅԱՆ. Դիվանագիտական լարախաղացության համար Օլանդը բաց տարածք թողեց

Արտակ ՀԵՐԻՔՅԱՆ. Դիվանագիտական լարախաղացության համար Օլանդը բաց տարածք թողեց
29.01.2014 | 15:23

Հայկական հարցի շուրջ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը աներկբա չէ: Մեծ քաղաքականությանը հատուկ մեծ զգուշավորությամբ Ֆրանսուա Օլանդը խուսափեց «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունից: Նա Թուրքիային անուղղակիորեն կոչ արեց «աշխատել պատմական հիշողության ուղղությամբ» և հասկացրեց, որ Ֆրանսիայի քաղաքական օրակարգ կվերադարձնի ցեղասպանության հերքումը օրենքով քրեականացնելու աղմկոտ հարցը: Սակայն Ֆրանսուա Օլանդը հղում արեց միանգամայն հակադիր երկու իրավական փաստաթղթերի` համաեվրոպական իրավունքին, որի համաձայն, Եվրամիության անդամ պետությունները պարտավոր են քրեական պատիժ սահմանել ցեղասպանությունների հրապարակային ժխտման համար և Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի 2012 թվականի հայտնի վճռին, որով խոսքի ազատության սահմանադրական դրույթին հակասող ճանաչվեց նախկին նախագահ Սարկոզիի կուսակցության նախաձեռնությամբ խորհրդարանի ընդունած հակաժխտողական օրինագիծը: Թուրքիայում Օլանդը մի հետաքրքիր քայլ էլ արեց` հանդիպեց պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի այրու հետ (նա արտասահմանյան առաջին պետության ղեկավարն է, ով Թուրքիայում հանդիպում նշանակեց Ռաքել Դինքին): Այս ժեստով Ֆրանսիայի նախագահը նաև ցույց տվեց, որ կատարում է ֆրանսահայ համայնքի ցանկությունը` թուրքական այցի ծրագրում կարևոր տեղ հատկացնել հայկական հարցին: «Այն պահին, երբ Դինքի սպանության հեղինակների դատավարությունը վերածվում է խեղկատակության, խորհրդանշական կարևոր նշանակություն է ստանում այս հանդիպումը»,- գրում է ֆրանսիական «Ֆիգարո» պարբերականի թղթակիցը: Ֆրանս- թուրքական հարաբերությունների վրա տարիներ շարունակ կուտակված ամպերը ցրելու առաքելությամբ Անկարա մեկնած նախագահի համար, սա, թերևս, առավելագույնն Էր, որ կարող Էր անել: Ամեն դեպքում, նա դիվանագիտական լարախաղացության համար բաց տարածք թողեց:

Դիտվել է՝ 3199

Մեկնաբանություններ